Դարեր շարունակ գիտնականները, այժմ նաև մեզանից շատերը ապրում ենք աշխարհի մասին այնպիսի պատկերացումներով, որտեղ տարածությունը եռաչափ է, իսկ ժամանակը՝ միաչափ։ Ըստ այդ պատկերացումների ժամանակն ընթանում է հավասարաչափ և միշտ նույն ուղղությամբ՝ անցյալից ապագա։ Եվ ամենակարևորը, ըստ այդ պատկերացումների ժամանակն ու տարածությունն իրարից բոլորովին անկախ են։
 
Այդ պատկերացումների հիմքը դրել է Իսահակ Նյուտոնը, ըստ որի տարածությունը մի վայր է, որտեղ բաշխված է ամբողջ մատերիան, իսկ ժամանակն, ինչպես նշեցինք, հավասարաչափ ընթացող իրադարձությունների հաջորդականություն՝ անցյալից ապագա։
 
Այս պատկերացումները հանդգնեց փոխել Ալբերտ Այնշտայնի ուսուցիչ Հերման Մինկովսկին, ով փորձեց կապել ժամանակն ու տարածությունը։ Սակայն այդ գաղափարներն ավելի հայտնի դարձրեց հենց ինքը՝ Ալբերտ Այնշտայնը։
 
Ըստ նրա հարաբերականության տեսության, իրականում մենք ապրում ենք ոչ թե եռաչափ, այլ քառաչափ տարածությունում կամ այսպես կոչված տարածաժամանակում, և այդ չորրորդ չափողականությունն էլ հենց ժամանակն է։ Եկեք փորձենք հասկանալ ու պատկերացնել քառաչափ տարածությունը։
 
Պատկերացնենք երկչափ տարածություն՝ հարթություն, որտեղ «ապրողներն» ունեն երկու կոորդինատ՝ երկարություն և լայնություն։ Այժմ պատկերացնենք, որ մենք՝ «եռաչափ բնակիչներս», անցնում ենք այդ հարթության միջոց։ Այդ հարթությունում հաջորդաբար կերևան մեր պրոյեկցիաները, որոնք իրար վրա շարելով կստացվի մեր եռաչափ պատկերը։
 
Մենք նկարագրեցինք եռաչափ մարմնի պրոյեկցիան երկչափ տարածությունում՝ շարժվելով երրորդ կորդինատի ուղղությամբ։ Քառաչափ տարածությունում մեր եռաչափ պատկերները շարժվում են չորրորդ կոորդինատի՝ ժամանակի ուղղությամբ՝ մանկությունից մինչև ծերություն։ Այլ կերպ ասած մեր կյանքի յուրաքանչյուր պահը պրոյեկցիա է եռաչափ տարածությունում, իսկ այդ բոլոր պահերի համախումբը մեր «պատկերն է» քառաչափ տարածությունում։
 
Իսկ որ այս ամենում ամենաուշագրավն է, այդ չորրորդ կոորդինատը՝ ժամանակը, ինչպես և մնացած երեքը, նույնպես կարող է փոփոխվել․ կարող է դանդաղել, արագանալ և նույնիսկ կանգնել։ Բայց ինչպե՞ս․․․
 
Որպեսզի կարողանանք պատկերացնել ինչպիսինն է տարածաժամանակը, եկեք քննարկենք հայտնի բատուտի օրինակը։
 
Պատկերացնենք բատուտ, որի վրա ոչ ոք կանգած չէ և ոչինչ դրված չէ։ Ապա այդ բատուտի վրա դնենք զանգվածեղ գնդակ։ Ի՞նչ կլինի։ Բատուտը կճկվի։
 
Այդ բատուտի ճկված կտորը տարածաժամանակն է, իսկ զանգվածեղ գունդը՝ երկնային օբյեկտը։ Այսինքն երկնային օբյեկտները՝ մոլորակները, աստղերը, սև խոռոչները և այլն, կորացնում են տարածաժամանակը։
Ինչպես բատուտի օրինակում, այստեղ նույնպես, ինչքան ծանր է օբյեկտը, այնքան շատ է կորանում տարածաժամանակը։
 
Եվ եթե այդ ճկված բատուտի վրա ավելի թեթև գնդակ գլորեք, այն կսկսի պտտվել կորացած հատվածով՝ զանգվածեղ գնդակի շուրջ։ Այդպես է նաև Տիեզերքում․ Երկրից թեթև Լուսինը պտտվում է Երկրի շուրջ, իսկ Երկիր՝ իրենից ավելի զանգվածեղ Արեգակի շուրջ։
 
Եվ այսպես, ըստ Այնշտայնի, գրավիտացիան (որով և բացատրվում էր պակաս զանգվածեղ մարմնի պտույտը ավել զանգվածեղ մարմնի շուրջ) արդյունք է տարածաժամանակի կորության։
 
Ինչքան մոտենում ենք օբյեկտին, այնքան ավելի է մեծանում գրավիտացիան՝ ձգողականությունը, հետևաբար ավելի շատ է կորանում տարածաժամանակը, և ժամանակն ավելի դանդաղ է ընթանում։
 
Ասում են, որ մեր ոտքերն ավելի երիտասարդ են, քան գլուխը։ 😄
Չէ՞ որ մեր ոտքերն ավելի մոտ են Երկրի կենտրոնին, քան մեր գլուխը։ Բայց անհանգստանալ պետք չէ, այդ տարբերությունն աննշան է։ 🙃
 
Մի քանի հետաքրքիր փաստեր էլ նշենք․ ինքնաթիռում գտնվողներ համար ժամանակն ավելի արագ է ընթանում, քամ Երկրի վրա գտնվողների համար։ Իսկ այ արբանյակների դեպքում այդ տարբերությունն ավելի մեծ է, արբայնակներում պարբերաբար ուղղում են ժամացույցները, որպեսզի մեզ հետ համընթաց լինեն։
 
Ամփոփելով, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տարածությունն ու ժամանակն իրարից անկախ չեն, այլ կազմում են միասին տարածաժամանակ, որը զանգվածեղ մարմինների մոտ կորացված է, և որքան մեծ է այդ կորությունն, այնքան դանդաղ է ընթանում ժամանակ։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy