Մեր աստղադիտակների նկարագրությունում հաճախ կտեսնեք գրված նրանց պարամետրերի մասին, այսօր կփորձենք խոսել դրանց մասին։ Հիշենք, որ աստղադիտակները լինում են ռեֆրակտոր և ռեֆլեկտոր տիպի։ Սակայն անկախ տիպից դիտակի պարամետրերը նկարագրում են երկու տիպին էլ։ Եկեք քննարկենք Celestron Powerseeker 127EQ օրինակը:

Օբյեկտիվի տրամագիծ։ 127 մմ
Քաշ։ 9,7 կգ
Օկուլյարներ։ 20մմ, 4մմ
Ֆոկուսային հեռավորություն։ 1000մմ
Ֆոկուսային հարաբերություն։ f/8
Խոշորացում։ 50x, 250x
Մաքսիմում աստղային մեծություն։ 13
Մինիմում օգտակար խոշորացում։ 18x
Մաքսիմում տեսական խոշորացում։ 300x  
 
Օբյեկտիվի տրամագիծ, կամ ապերտուրա.
Աստղադիտակի օբյեկտիվ (առաջնային) ոսպնյակի կամ հայելու տրամագիծն է, որը սովորաբար չափվում է միլիմետրերով: Ըստ էության, որքան մեծ է այն, այնքան պայծառ պատկերներ կարող եք տեսնել, սակայն դրա մեծացումը ուղղակիորեն ծանրացնում է աստղադիտակի դիտափողը, ապա դա ստաբիլ պահելու համար նաև տեղակայման համակարգը։  

Ֆոկուսային հեռավորությունը չափվում է կրկին միլիմետրերով, այն մոտավորապես օբյեկտիվից մինչև օկուլյար եղած հեռավորությունն է, այն հեռավորությունը, որն անհրաժեշտ է առաջնային լինզային (կամ հայելուն)՝ լույսը ֆոկուսացնելու համար: Այս երկարությունն ուղղակիորեն ազդում է աստղադիտակի խոշորացման վրա։ Հայելային դիտակների դեպքում պետք է հաշվել ֆոկուսային հեռավորությունը՝ հաշվի առնելով նաև հայելուց լույսի անդրադառնալու ժամանակ անցած ճանապարհը։ Այսինքն, եթե ունենք Նյուտոնյան դիտակ, ֆոկուսային հեռավորությունը կստացվի այն հեռավորությունը, որը լույսն անցնում է հիմնական հայելուց դեպի օկուլյար հասնելու ճանապարհին՝ անդրադառնալով երկրորդային հայելուց։
Հաճախ կհանդիպեք, որ կարճ ֆոկուսային հեռավորություն ունեցող ռեֆրակտորներն անպայման ունենում են անկյունային անդրադարձիչ, դա հենց ֆոկուսային հեռավորությունն արհեստական մեծացնելու համար է ))

Ֆոկուսային հարաբերությունը (f) սահմանվում է որպես ֆոկուսային հեռավորության և ապերտուրայի միջև հարաբերակցություն։ 150 մմ ապերտուրա և 1500 մմ ֆոկուսային հեռավորություն ունեցող աստղադիտակը կունենա f / 10 ֆոկուսային հարաբերակցություն: Այս թիվը թույլ է տալիս նախնական պատկերացում կազմել դիտակի չափերի մասին։ Եթե նույն ապերտուրա ունեցող դիտակը ունի ավելի մեծ ֆոկուսային հեռավորություն, ապա այն ավելի մեծ է։ Օրինակ, եթե 12″ (դյույմ) ապերտուրա և f / 5 ֆոկուսային հարաբերություն ունեցող դիտակը համեմատենք 12″, f / 15 պարամետրերով դիտակի հետ ապա վերջինս ավելի մեծ է լինելու արտաքին չափերով:
Ինչ վերաբերում է աստղալուսանկարչությանը, ֆոկուսային հարաբերությունը շատ կարևոր դեր է խաղում: Որքան փոքր է այդ հարաբերակցությունը, այնքան «ավելի արագ» է օպտիկան, ինչը նշանակում է որ էքսպոզիցիայի ժամանակը շատ ավելի կարճ կարելի է ընտրել երկնային օբյեկտներ նկարելու համար, քանի որ դիտափողի ներսում լույսը ավելի փոքր ճանապարհ կանցնի և ավելի կենտրոնացված կմնա, քան ավելի մեծ ֆոկուսային հեռավորության դեպքում: Ավելի կարճ էքսպոզիցիայի ժամանակը նշանակում է, որ օբյեկտին հետևելու(tracking) ընթացքում լուսանկարման սխալն ավելի քիչ է կուտակվում և միևնույն ժամանակ ավելի շատ ժամանակ ենք ունենում բազմաթիվ նկարներ ֆիքսելու և հետագայում, դրանք միմյանց վրա դնելով(stacking), ավելի որակյալ նկար ստանալու համար։  

Խոշորացումը ցույց է տալիս, թե քանի անգամ է օբյեկտի չափը մեծանում՝ անզեն աչքով երևացող չափի համեմատ։ 50x մեծացումը նշանակում է, որ այն, ինչ դուք տեսնում եք, հիսուն անգամ ավելի մեծ կլինի, քան չխոշորացված դիտելու դեպքում: Խոշորացումը հաշվարկվում է դիտակի ֆոկուսային հեռավորությունը բաժանելով օկուլյարի ֆոկուսային հեռավորությանը: Օրինակ, եթե աստղադիտակը ունի 1500 մմ ֆոկուսային հեռավորություն, օգտագործելով 25 մմ ֆոկուսային հեռավորություն ունեցող օկուլյար, կստանանք 60x խոշորացում, իսկ 10 մմ ի դեպքում ՝ 150x: Ինչպես տեսնում եք, որքան երկար է աստղադիտակի ֆոկուսային հեռավորությունը և որքան փոքր է օկուլյարի ֆոկուսային հեռավորությունը, այնքան մեծ է խոշորացումը:
Մի շատ կարևոր դիտարկում անենք խոշորացման հետ կապված։ Նորեկ աստղասերները հաճախ ծուղակն են ընկնում՝ ընտրելով շատ «հզոր» (մեծ խոշորացում ունեցող) դիտակներ։ Շատ մեծ խոշորացում նշանակում է ունենալ շատ ավելի զգայուն դիտակ տարբեր աղմուկների ու թրթռոցների նկատմամբ, ինչպիսին կարող է առաջացնել հասարակ քամին կամ մթնոլորտի ջերմային աղավաղումները։ Ինչպես նաև չափից շատ խոշորացնելու դեպքում կորում է պատկերի հստակությունը։ Որպես խորհուրդ, գոնե առաջին տարվա համար ընտրեք փոքր խոշորացում, բայց մեծ ապերտուրա ունեցող դիտակներ, որպեսզի տեսնեք պատկերը ավելի հստակ, ու հեշտ օգտագործեք։  

Մաքսիմում աստղային մեծությունը դա այն հնարավոր աստղային մեծությունն է, որ կարելի է տեսնել տվյալ դիտակով։ Ատղային մեծությունը բնութագրում է երկնային օբյեկտի պայծառությունը, այսինքն, ինչքան մեծ է դիտակի մաքսիմում աստղային մեծությունը, այնքան ավելի թույլ պայծառությամբ օբյեկտներ կարելի է տեսնել։ Իսկ ամենաթույլ օբյեկտի աստղային մեծությունը, որը մենք կարող ենք տեսնել անզեն աչքով, կազմում է 6։ Աստղերի պայծառությունը կարող եք տեսնել տարբեր աստղային կատալոգների միջոցով։ Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել Stellarium օնլայն ծրագիրը։  

Մինիմում օգտակար խոշորացումը հնարավոր մինիմում խոշորացումն է, որը մարդու աչքը կարող է դեռ ընկալել։ Փոքր խոշորացումը տալիս է մեծ տեսադաշտ տիեզերական օբյեկտները ուսումնասիրելու և լուսանկարելու համար։ Եթե փորձեք ավելի քիչ խոշորացնել քան մինիմում օգտակար խոշորացումն է, ապա օկուլյարից դուրս եկած լույսի փունջը այնքան նեղ կլինի որ աչքը չի տեսնի որևէ պատկեր։ Օրինակ, եթե ունենք 18x մինիմում օգտակար խոշորացում, ապա չարժի օգտագործել այնպիսի օկուլյար, որը ավելի փոքր խոշորացում կապահովի։  

Մաքսիմում տեսական խոշորացում․ իրականում տեսականորեն կարելի է անվերջ խոշորացնել պատկերը, սակայն ամեն անգամ, երբ մենք կրկնապատկում ենք խոշորացումը, 4 անգամ կորցնում ենք պայծառության մեջ և ավելի վատ ենք տեսնելու օբյեկտը։ Բացի դրանից, մենք նաև փոքրացնում ենք մեր տեսադաշտը, այդ պատճառով մեզ հետաքրքիր օբյեկտը կարող է չտեղավորվել մեր տեսադաշտում։ Մաքսիմում տեսական խոշորացումը պատկերացում է տալիս, թե ինչքան խոշորացնելուց հետո դեռ մեր տեսածը կտարբերվի աղմուկից։ Օրինակ, եթե դիտակի մաքսիմում խոշորացումը 250 է, իսկ ֆոկուսային հեռավորությունը 1000մմ, ապա օկուլյարի մինիմում չափը, որը դեռ որոշակի պատկեր ցույց կտա, պետք է լինի 1000/250 = 4մմ։    

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy