Կհավատայի՞ք, եթե լսեիք, որ տիեզերքում լողում են բազմաթիվ ահռելի մագնիսներ: Չնայած այս միտքն ընդամենը վառ երևակայության արդյունք է, այն այդքան էլ հեռու չէ իրականությունից: Տիզերքում գոյություն ունեն հզոր մագնիսական հատկություններով օժտված երկնային մարմիններ:

Այս առեղծվածը բացահայտելու համար սկսենք ամենասկզբից` վերոնշյալ մարմինների ծնունդից: Ի՞նչն է աստղին պահում կայուն վիճակում:

Ի՞նչն է աստղին պահում կայուն վիճակում

Գրավիտացիոն ձգողության ուժը փորձում է «սեղմել» աստղը: Ի հակադրություն սրա, աստղի միջուկը` «այրելով իր միջուկային վառելիքը»՝ (ջերմամիջուկային ռեակցիաներ) արտադրում է մեծաքանակ ջերմություն, որն էլ իր հերթին առաջացնում է «դեպի դուրս հրող» ճնշում: Այս ճնշմամբ պայմանավորված ուժերը հակակշռում են գրավիտացիային և ստեղծվում է հավասարակշիռ վիճակ: Սակայն, երբ ավարտվում է աստղի «վառելիքը» և ջերմամիջուկային ռեակցիաները դադարում են, գրավիտացիան գերակշռում է և աստղը մահանում է:

Աստղի վրա ազդող ուժերի գծապատկեր
Գծապատկերում ցուցադրված են աստղի վրա ազդող հիմանական ուժերը:

Աստղերի վախճանը

Մեր Արևից առավել խոշոր (10-25 անգամ ավելի զանգվածեղ) որոշ աստղերի վախճանը բավականին դրամատիկ է: Դրանք ուղեկցվում են խոշոր պայթյունով: Այս երևույթը ընդունված է անվանել գերնոր աստղի բռնկում (անգլ.` Supernova Explosion):

Խեցգետնի միգամածությունը (Crab Nebula) Ծիր Կաթինում
Խեցգետնի միգամածությունը (Crab Nebula) Ծիր Կաթինում գերնոր աստղի բռնկման մնացորդ է: Աստղագետներին հաջողվել է դիտել և գրանցել այն 1054 թվականին:
Նկարի աղբյուր: NASA, ESA, J. Hester and A. Loll (Arizona State University)

Գերնոր աստղի բռնկումը ծնունդ է տալիս նոր տիպի երկնային օբյեկտերի` նեյտրոնային աստղերի: Նեյտրոնային աստղերը բավականին խիտ երկնային մարմիններն են: Չնայած նրան, որ նեյտրոնային աստղի տրամագիծը կարող է լինել ընդամենը 20 կմ, մեկ թեյի գդալի չափով նեյտրոնային աստղի նյութը կարող է կշռել միլիոնավոր տոննաներ:

Գերնոր աստղի բռնկում
Գերնոր աստղի բռնկման եւ նեյտրոնային աստղի առաջացման պրոցեսի վիզուալիզացիա Աղբյուր: Courtesy of ESA/Hubble/L. Calçada

Մեկ վայրկյանում նեյտրոնային աստղերն իրենց առանցքի շուրջ կարող են պտտվել մի քանի անգամ: Սրանից բացի, նեյտրոնային աստղերն օժտված են բավականին ուժեղ մագնիսական դաշտով: 

Մագնիսական դաշտը և նրա չափման միավորը

Իսկ ո՞րն է մագնիսական դաշտի չափման միավորը: Մագնիսական դաշտը չափվում է գաուսներով: Օրինակ` սառնարանի մագնիսների մագնիսական դաշտը 50-100 Գաուս է: Լաբարատոր պայմաններում հաջողվել է ստանալ 160 000 Գաուս մագնիսական դաշտի լարվածության մագնիս: Ի դեպ, այս մագնիսն օգտագործվել է գորտի լեւիտացիայի համար: Լեւիտացիան առանց արտաքին ֆիզիկական օժանդակության օդում սավառնելու կարողությունն է: Այս գյուտի համար Մայքլ Բերին և Անդրե Գեյմը 2000 թվականին ստացել են իգնոբելյան մրցանակ: Ըստ պաշտոնական սահմանման Իգնոբելյան մրցանակը տրվում է «գիտական ձեռքբերումների համար, որոնք նախ ծիծաղ են առաջացնում, իսկ հետո` ստիպում մտածել»:

Հ.Գ. Երբ դու Հարրի Փոթերի նման կախարդական փայտիկ չունես ու «Վինգարդիում Լեվիոսան» քեզ չի օգնի, ստիպված ես օգտագործել ֆիզիկան կախարդանքի համար:

Գորտի լեւիտացիան, որի համար Մ. Բերին եւ Ա. Գեյմը 2000 թ.-ին ստացել են իգնոբելյան մրցանակ:

Երկիրը նույնպես օժտված է մագնիսական դաշտով, որը ընդամենը 0.25-0.65 Գաուս է, մինչդեռ, նեյտրոնային աստղերի մակերևույթին մագնիսական դաշտը կարող է ընդունել 100 միլիոն Գաուսից ավելի մեծ արժեքներ:

«Մագնիսներ»` տիեզերքում

Հետաքրքիր է նեյտրոնային աստղերի մի տեսակ` մագնետարը, որոնք մնացած նեյտրոնային աստղերից տարբերվում են էլ ավելի մեծ մագնիսական դաշտով: Մեզ հայտնի ամենահզոր մագնետարի մագնիսական դաշտը հասնում է քվադրիլիոն (1 և 15 զրոներ) Գաուսի: Ի տարբերություն այլ նեյտրոնային աստղերի, մագնետարները ավելի դանդաղ են պտտվում, ընդամենը մեկ պտույտ երկուսից տասը վայրկյանում: Եթե շատ դանդաղ թվաց, հիշիր, որ Երկիրն իր առանցքի շուրջ պտտվում է 24 ժամում:

Մագնետարների ակտիվ շրջանը բավականին կարճ է` մոտ 10 000 տարի (ակնթարթ Տիեզերքի գոյության համեմատ): Դրանից հետո վերանում է հզոր մագնիսական դաշտը: Միջին գնահատականներով Ծիր Կաթինում կա մոտավորապես 30 միլիոն ոչ ակտիվ մագնետար: 

Մագնետարի վիզուալիզացիա
Մագնետարի վիզուալիզացիա Աղբյուր: NASA/JPL-Caltech

Մինչ այժմ հայտնաբերվել են մոտ 30 մագնետարներ: Ամեն դեպքում, դեռ կարիք չկա անհանգստանալու այս «հսկա մագնիսներից», քանի որ մեզ ամենամոտ մագնետարը գտնվում է 9000 լուսատարի հեռավորության վրա: Մեկ լուսատարին այն հեռավորությունն է, որն անցնում է լույսը մեկ տարում (մոտավորապես 9.46 տրիլիոն կիլոմետր):

J1818 մագենտար
Նկարում պատկերված է 2020 թվականին հայտնաբերված J1818 մագնետարը: ՆԱՍԱ-ի «Չանդրա» ռենտգենյան դիտարանի հետազոտությունները աջակցում են այն գաղափարին, որ հայտաբերված օբյեկտը նաև բաբախիչ (պուլսար) է: Բաբախիչների մասին կարող եք կարդալ այստեղ:

Ամփոփելով

Մագնետարները նեյտրոնային աստղերի տեսակներ են, որոնք առանձնանում են իրենց ուժեղ մագնիսական դաշտով: Այն 1000 անգամ ավելի հզոր է, քան մնացած նեյտրոնային աստղերը, տրիլիրոն անգամ ավելի հզոր, քան Երկրի մագնիսական դաշտը, և 100 միլիոն անգամ ավելի հզոր, քան մարդկության կողմից ստեղծված ամենահզոր մագնիսը:

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US