Նյուտոնը նկատել էր Գալիլեյան տիպի աստղադիտակների (ռեֆրակտոր) սահմանափակ ֆունկցիոնալությունը և ստեղծեց մի այլ տիպի աստղադիտակ, որի աշխատանքի սկզբունքը հիմնված էր անդրադարձման, այլ ոչ թե բեկման հիման վրա։ Այդ փոփոխությունը լուծեց մի շարք խնդիրներ, որոնք այստեղ կներկայացնենք։

Ռեֆրակտորների հիմնական թերությունը դրանց գունային աբերացիան էր և չափի հետ խնդիրը։
Գունային աբերացիան հաճախ կտեսնեք, երբ հասարակ (առանց ուղղող ոսպնյակի) ռեֆրակտորի միջոցով դիտեք օրինակ Լուսինը, նրա եզրերը ստանում են բաց կապտավունից մինչև կարմրավուն գույներ։ Դրա հիմնական պատճառն այն է, որ տարբեր գույնի (հաճախության) լույսը բեկվում է տարբեր չափով, և քանի որ սպիտակ լույսը բաղկացած է բոլոր գույներից, դրանք առանձնանում են և ստեղծում այդպիսի գունավորում։ Եվ ինչքան հեռու է պատկերը կենտրոնից, այնքան ավելի արտահայտված ենք տեսնում գունային աբերացիան։ Ճիշտ է, ժամանակակից ռեֆրակտորներն ունեն ուղղող ոսպնյակներ, որոնք վերացնում են աբերացիան, բայց դրանք թուլացնում են լույսը, դրա համար ոսպնյակները հատուկ նյութերով են պատում (coating, սրա մասին հաջորդ անգամ), որը թանկացնում է դիտակի գինը։

Հաջորդ խնդիրը, որ առաջանում է ռեֆրակտորների հետ, չափի հետ կապված խնդիրն է։ Երբ մենք ցանկանում ենք ստանալ ավելի մեծ խոշորացում, դրա համար անհրաժեշտ է, որ ֆոկուսային հեռավորությունը մեծանա, ինչը երկարացնում է դիտակի չափը, ու, քանի որ, խոշորացման հետ մեկտեղ անրաժեշտ է նաև շատացնել հավաքվող լույսը՝ մեծացնում են նաև օբյեկտիվի չափը։ Դիտակի երկարացնելը դիտակին դարձնում է շատ զգայուն՝ կողմնակի տատանումների նկատմամբ, մասնավորապես թեթև քամին, կամ կողքով քայլելը կարող է մեծ ցնցումներ առաջացնի ու պատկերը անընդհատ թրթռա։ Իսկ մեծ չափի ոսպնյակները ծանրացնում են դիտակը ու թանկացնում։

ռեֆրակտոր և ռեֆլեկտոր տիպի դիտակներ

Այսպիսով ռեֆրակտորների թերություններն են՝
• Գունային աբերացիաները
• Նույն պարամետրերի դեպքում ավելի թանկ են
• Փոքր չափի օբյեկտիվներ = քիչ լույս, քիչ խոշորացում

Հիշենք նաև առավելությունները՝
• Փակ են, ներսից ոսպնյակները չեն փոշոտվում, շատ խնամքի կարիք չկա
• Փոքր չափի ռեֆրակտորները բավականին պարզ պատկեր են ապահովում
• Ավելի սիրուն են 

Նյուտոնյան տիպի ռեֆլեկտորները, ի տարբերություն նույն պարամետրերով ռեֆրակտորների, շատ ավելի էժան են, հետևաբար՝ շատ ավելի տարածված։ Ռեֆլետորներում լույսը անցնում է խողովակի միջով, անդրադարձվում հիմնական պարաբոլային հայելուց, ապա երկրորդային հարթ հայելուց և անցնում դեպի օկուլյար։ Այդ դասավորության պատճառով հաճախ մարդիկ, շփոթելով ռեֆրակտորի հետ, փորձում են դիտել դիտակի տակից։

Նյուտոնյան դիտակի հիմնական հայելին բավականին հեշտ է պատրաստելը՝ համեմատած ոսպնյակի, և դրա շնորհիվ շատ ավելի էժան է և կարելի է բավականին մեծ չափերի հասցնել դրանց չափը՝ հավաքելով շատ մեծ քանակի լույս և տեսնել շատ պարզ պատկերներ։
Սակայն Նյուտոնյան դիտակներն էլ ունեն իրենց թերությունները, եթե դիտակի հայելիները բավականին ճշգրիտ չեն պատրաստված, կամ ճիշտ սինխրոնիզացիա չկա իրենց միջև, ապա առաջանում է կոմա պատկերում։ Սովորական աստղը երևում է կետային, եթե դիտակը լավ կոլիմացված է, իսկ կոմայի դեպքում աստղը դիտակի եզրերին մոտիկ դեպքերում ունենում է պոչ։
Նյուտոնյան դիտակները, լինելով բաց, դրանցում հայելին անընդհատ ենթարկվում է շրջակա միջավայրի ազդեցությանը, մասնավորապես փոշուն և խոնավությանը, որոնք ժամանակի ընթացքում խամրեցնում են դիտակի հայելին։ Ճիշտ է, հնարավոր է մաքրել փոշին, սակայն դա այդքան էլ հեշտ գործ չէ, որովհետև հեշտությամբ կարող եք վնասել այն կամ խախտել կոլիմացիան։

Այսպիսով ռեֆլեկտորների առավելություններն են՝
• Ավելի մեծ հայելի = ավելի շատ լույս հավաքելու հնարավորություն
• Գունային աբերացիա չունեն
• Ավելի էժան են

Իսկ թերությունները՝
• Մաքրելու և կոլիմացիայի դժվարությունը (կոմա)
• Բաց լինելու պատճառով փոշու և խոնավության ազդեցությունը

Այսպիսով, երկու տեսակի դիտակներն էլ ունեն իրենց առավելությունները ու թերությունները, նախընտրությունն արդեն Ձերն է։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US