Առանց լավ օկուլյարի Ձեր աստղադիտակը չի կարող լինել լավը: Եթե Դուք մտածում եք, որ Ձեր աստղադիտակը այդքան էլ լավը չէ և ուզում եք թարմացնել այն, առաջին հերթին ուշադրություն դարձրեք, թե ինչ օկուլյարներ ունեք։ Այսօր սովորելու ենք դրանց կառուցվածքի, տեսակների, և որոշ նրբությունների մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնել օկուլյարներ ընտրելիս:

Առանց օկուլյարների, իհարկե, աստղադիտակը ցույց չէր տա այն հրաշալի երկնային մարմիններին, որոնք մենք տեսնում ենք: Եկեք հասկանանք, թե ինչ դեր է կատարում օկուլյարը աստղադիտակի համար, ինչ տեսակներ կան, որը երբ է պետք օգտագործել:

Օկուլյարի օրինակ
Օկուլյարի օրինակ

Օկուլյաները իրենցից ներկայացնում են ոսպնյակների համակարգ, որը տեղադրվում է դիտակից նայելու մասում: Այն թույլ է տալիս խոշորացնել օբյեկտիվից (հայելի կամ ոսպնյակ) հավաքված առարկայի պատկերը: Այսինքն օբյեկտիվը ֆոկուսացնում է լույսը օկուլյարի վրա, իսկ օկուլյարը այն խոշորացնում է և մենք կարողանում ենք տեսնել հեռավոր առարկարների խոշոր պատկերը:Օկուլյարը այս պարզ գործողությունը պետք է կատարի շատ լավ, որպեսզի վերջնական փուլում չաղավաղի պատկերը:

Օկուլյարի աշխատանքի սկզբունքը
Օկուլյարի աշխատանքի սկզբունքը

Օկուլյարները ունենում են տարբեր ֆոկուսային (կիզակետային) հեռավորություն և ինչպես նշել ենք այս նյութում, խոշորացումն ուղղակի որոշվում է օկուլյարի ֆոկուսային հեռավորությամբ, որը նշված է օկուլյարի վրա՝ միլիմետրերով: Սովորաբար դիտակների վաճառքի հավաքածույում ներառված են լինում 20 մմ և 10 մմ ֆոկուսային հեռավորությամբ օկուլյարներ, որոնք և ապահովում են տարբեր խոշորացումներ: Ինչքան փոքր է այդ պարամետրի արժեքը, այդքան ավելի մեծ խոշորացում կստանանք: Եկեք տեսնենք, թե ինչ տեսակներ կան և որոնք երբ են օգտագործվում:

Օկուլյարների տեսակները

Օկուլյարները լինում են հիմնականում 3 չափի՝ 0.96″, 1.25″ և 2″ դյույմ տրամագծով:

Օկուլյարները ըստ չափերի
Օկուլյարները ըստ չափերի

Իսկ ինչո՞ւ չէին կարող բոլորը լինել նույն չափի: Խնդիրը նրանում է, որ կախված նրանից, թե որքան է ձեր աստղադիտակի ֆոկուսային հեռավորությունը՝ դրան համապատասխան կարող է օգտագործվել տարբեր օկուլյարներ: Կարճ ֆոկուսային հեռավորություն ունեցող դիտակները ստիպված են ունենալ ավելի մեծ օկուլյար(2″), քանի որ հակառակ դեպքում լուսային կոնի որոշ հատված ուղղակի չէր անցնելու օկուլյարի միջով, այդպիսով կփոքրացներ ընկնող լույսի մասը կամ էֆեկտիվ ապերտուրան:

Լույսի կոնի կտրվելը փոքր տրամագծով օկուլյարի պատճառով
Լույսի կոնի կտրվելը փոքր տրամագծով օկուլյարի պատճառով

Իսկ ավելի փոքր տրամագծով օկուլյարները օգտագործվում են մեծ ֆոկուսային հեռավորություն ունեցող դիտակների համար, չնայած կան նաև ադապտերներ, որոնք թույլ են տալիս տեղադրել մի տեսակի օկուլյարը՝ մյուսի տեղում : Այնուամենայնիվ, մեծ մասամբ հանդիպվում են 1.25″ օկուլյարները և հաճախ կարիք չի լինում անհանգստանալ օկուլյարի չափի մասին:

Հյուգենսի օկուլյարներ(H)

Այսպիսի օկուլյարները կազմված են 2 ոսպնյակից և հիմնականում ընդգրկված են լինում վաճառքի հավաքածուի մեջ, նշված են լինում սովորաբար H կամ SR տառով:

Հյուգենսի օկուլյարներ
Հյուգենսի օկուլյարներ

Հյուգենսի օկուլյարները շատ պարզ, փոքր, թեթև օկուլյարներ են, սակայն ունեն վատ աչքի դիտողականություն (eye relief), տալիս են գունային աբերացիաներ և ունեն նեղ տեսադաշտի անկյուն (35-40°): «Աչքի դիտողականությունը» վերաբերում է այն բանին, թե որքան հեռու պետք է լինի Ձեր աչքը օկուլյարից, որպեսզի տեսնեք ամբողջ տեսադաշտը: Իսկ տեսադաշի անկյունը ցույց է տալիս, թե երկնքի ինչքան մասը կտեսնեինք, եթե օկուլյարը դրված չլիներ աստղադիտակի վրա (ակնհայտ տեսադաշտ` apparent field of view): Բնական է, որ ինչքան մեծ է տեսադաշտը այնքան ավելի շատ բան կարող ենք մենք տեսնել օկուլյարից:

Տարբեր տեսադաշտի անկյունով ոսպնյակների օրինակ
Տարբեր տեսադաշտի անկյունով ոսպնյակների օրինակ

Հյուգենսի օկուլյարների տված անհարմարությունները բնականաբար փոխհատուցվում են դրանց ցածր գնով: Բայց լավ նորությունն այն է, որ փոխելով այս օկուլյարները կարող եք բացահայտել, որ ունեք շատ ավելի լավ աստղադիտակ։ ????

Մոդիֆիկացված Աքրոմատ MA (Modified Achromated)

Այս օկուլյարները շատ ավելի ընդունված են և ավելի որակով, քան Հյուգենսի օկուլյարները, և շատ ավելի հաճախ են օգտագործվում ժամանակակից դիտակների համար: Օկուլյարի վրա նշված է MA տառերը, բաղկացած է 3 ոսպնյակից, հիմնականում ունեն բազային հատուկ ծածկույթ (coating) և միջին տեսադաշտ` ~45°: Նմանատիպ կառուցվածք ունեն նաև Կելլներ (Kellner, նշված KE կամ K տառերով կ) և RKE օկուլյարները: Այս տիպի օկուլյարները նաև որոշ չափով ուղղում են քրոմատիկ աբերացիաները: 20-25 մմ տրամագծով այսպիսի օկուլյարները կարիք չի լինելու թարմացնել, սակայն ավելի փոքր ֆոկուսային հեռավորություն ունեցող օկուլյարները արժի փոխարինել նորով:

MA օկուլյար
MA օկուլյար

Պլոսսլ (Plössl) օկուլյարներ

Օկուլյարների աշխարհում իրական հեղափոխությունը Պլոսսլ տիպի օկուլյարներն են: Դրանք բաղկացած են 4 ոսպնյակից, ունեն լայն տեսադաշտ (մոտ 52°), այնպես որ դրանք կարող եք օգտագործել և՛ մոլորակների, և՛ հեռավոր երկնային օբյեկտներ դիտելու համար, ինչպես նաև շատ լավ ուղղում են օպտիկական աղավաղումները և ապահովում լավ դիտողականություն: Այսպիսի օկուլյարները կարելի է ասել ստանդարտ լավն են՝ ոչ շատ թանկ, և կարող են դառնալ Ձեր սիրելի օկուլյարները:

Պլոսսլ տիպի 9մմ օկուլյար
Պլոսսլ տիպի 9մմ օկուլյար

Խոսելով հատուկ ծածկույթի մասին, նշենք, որ դրանք լինում են մեկ հատուկ ծածկույթով(coated), բազմակի հատուկ ծածկույթով (multy coated) կամ ամբողջությամբ բազմակի հատուկ ծածկույթով (fully multy coated): Հատուկ ծածկույթը ապահովում է լույսի քիչ անդրադարձում, որի շնորհիվ լույսի կորուստ չի լինում և ընդհանուր վերջնական պատկերը ավելի պայծառ է լինում: Շատ ոսպնյակներ ունեցող օպտիկական համակարգերի համար նախընտրելի է, որ ունենան ամբողջությամբ բազմակի հատուկ ծածկույթ:

Եվս մեկ նկատառում հենց օկուլյարի կաղապարի մասին։ Եթե դրանք պատրաստված են պլաստիկից, սովորաբար ներսից չեն ներկվում սև գույնով, քանի որ պլաստիկը շատ վատ է պահում իր վրա ներկը և այդ դեպքում ներքին անդրադարձումները ևս խանգարում են պատկերը լավ տեսնելուն: Ավելի նախընտրելի են մետաղական օկուլյարները, որոնք ներսից ներկված են սև ներկով:

Իհարկե կան շատ ավելի լավ օկուլյարներ քան Պլոսսլ տիպինը, բայց դրանց, ինչպես նաև բարլաու ոսպնյակների մասին կանդրադառնանք ավելի ուշ։ Այսպիսով օկուլյարները թարմացնելիս ուշադրություն դարձրեք, որ դրանք լինեն գոնե Պլոսսլ տիպի․ ունենան լավ աչքի դիտողականություն, լինեն բազմակի հատուկ ծածկույթով պատված:

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US