1961 թվականի մայիսի 25-ին ԱՄՆ-ի նախագահ Քենեդին, դիմելով Կոնգրեսին, ասաց․ «Կարծում եմ, որ մեր ժողովուրդը պետք է ստանձնի մինչև տասնամյակի վերջը Լուսնի վրա մարդ իջեցնելու և նրան ապահով Երկիր վերադարձնելու առաքելությունը»։ Այս ելույթն աշխուժացրեց ամերիկյան տիեզերագնացությունը և լուսնային մրցավազքը։ Մշակվեց «Ապոլոն» լուսնային ծրագիրը, որի իրականացումը պահանջում էր առաջին հերթին ստեղծել երեք տեղանոց նոր ու հուսալի տիեզերանավ։ Այն պետք է տիեզերագնացներին Լուսին հասցներ, ապահովեր վայրէջք և եռօրյա հետազոտություններ Լուսնի վրա և անձնակազմին վերադարձներ Երկիր։ Որպես ելակետ հանդիսացան Բրիտանական միջմոլորակային ընկերության արած մշակումները՝ II աշխարհամարտից առաջ և հետո։ Թռիչքի իրականացման համար կային շատ հնարավոր սխեմաներ, սակայն պարզվեց, որ ամենաքիչ ծախսատար տարբերակը հետևյալն է․ ողջ տիեզերանավի արձակում Երկրից՝ միանգամից դուրս գալով դեպի Լուսին թռիչքի հետագիծ, Լուսնի մոտ անցում լուսնաշուրջ ուղեծրի, լուսնային մոդուլի անջատում, վայրէջք, հետո վերելք, կցում ուղեծրային մոդուլի հետ ու վերադարձ Երկիր։

Նախագծվելիք տիեզերանավը կոչվեց «Ապոլոն», իսկ տանող հրթիռը՝ «Սատուրն»։ «Ջեմինի»-ն նախագծվեց որպես միջանկյալ տարբերակ «Մերկուրի»-ի և «Ապոլոն»-ի միջև։ Հենց «Ջեմինի»-ի միջոցով էր նախատեսվում մշակել բաց տիեզերք դուրս գալու, միջուղեծրային անցումների, մանևրումների, նավերի մերձեցումների ու կցումների, ինչպես նաև վայրէջքային գերբեռնվածությունը նվազեցնելու տեխնիկան։


1966-68 թթ․ ԱՄՆ-ն մի քանի բալիստիկ և ուղեծրային անօդաչու թռիչքներով կատարեց «Ապոլոն»-ի մասերի առանձին ու համատեղ փորձարկումներ։ «Ապոլոն»-ը բաղկացած էր հիմնական բլոկից՝ երեք աստղագնացների լուսնաշուրջ ուղեծիր հասցնելու և ետ բերելու համար, և լուսնախցիկից՝ երկու աստղագնացների լուսնաշուրջ ուղեծրից Լուսնի վրա իջեցնելու, մակերևույթի վրա աշխատելն ապահովելու և լուսնաշուրջ ուղեծիր վերադարձնելու համար։

1969 թ․ հուլիսի 16-ին ԱՄՆ-ն հայտարարեց «Ապոլոն-11»-ի արձակման մասին։ «Ապոլոն-11»-ը (անձնակազմը՝ Նեյլ Արմսթրոնգ, Էդվին Օլդրին, Մայքլ Քոլինզ) լուսնաշուրջ ուղեծիր մտավ հուլիսի 19-ին։ Հաջորդ օրը Արմսթրոնգն ու Օլդրինը անցան լուսնախցիկ (պայմանականչը «Արծիվ») և անջատվեցին հիմնական բլոկից (պայմանականչը «Կոլումբիա»)։ Արգելակվելով՝ «Արծիվ»-ն անցավ վայրէջքի։ Վայրէջքի ժամանակ մի քանի անգամ լսվեց տագնապի ազդանշան, որը շեղեց տիեզերագնացների ուշադրությունը և «Արծիվ»-ը վայրէջք կատարեց Հանգստության ծովում, հաշվարկային կետից 6,4 կմ հեռու։ Իսկ բաքերում մնացել էր ընդամենը 45վ-ի վառելիք։ 6,5 ժ հետո Արմսթրոնգը իջավ ներքև և կանգնելով Լուսնի վրա՝ նա ասաց․ «Սա մի փոքր քայլ է մարդու համար, բայց մի մեծ թռիչք ողջ մարդկության համար»։ 20 րոպե անց Արմսթրոնգին միացավ Օլդրինը և նրանք կանգնեցրին ԱՄՆ-ի դրոշը։ Վերցրեցին անհրաժեշտ նմուշները, տեղադրումներն ու չափումները և 2,5 ժամ անց մտան լուսնախցիկ ու մեկնարկեցին։ Լուսնախցիկի թռիչքային աստիճանը բարեհաջող դուրս եկավ լուսնաշուրջ ուղեծիր և կցվեց հիմնական բլոկին։ Հետագծային շտկումների շնորհիվ՝ հուլիսի 24-ին նավը ճշգրիտ հետագծով մոտեցավ Երկրին։ Վայրէջքային խցիկը ներխուժեց մթնոլորտ, արգելակվեց, բացեց պարաշյուտները և իջավ Խաղաղ օվկիանոսում՝ փրկանավից ընդամենը 24կմ հեռու։ Թռիչքն ավարտված էր։

Նյութն անբողջությամբ վերցրված է Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքից, որում կարող եք գտնել թռիչքի մասին (և ոչ միայն) հետաքրիր մանրամասներ, թե ինչ ապրումներ ունեցան աստղագնացները վայրէջքի ժամանակ, ինչ ոգևորություն բերեց թռիչքը մարդկությանը և այլն։ Գիրքը կարող եք ձեռք բերել մեր կայքից՝ spaceshop42.com :

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US