Եվս մեկ հետաքրքիր ու տիեզերական իրադարձություն Երկրի վրա․ օգոստոսի 12-ին և 13-ին կդիտվի Պերսեիդների ասուպային հոսքը (կամ աստղաթափ)։

Իսկ ի՞նչ է աստղաթափը և ինչպե՞ս է այն առաջանում։ Այն երկնաքարերի հոսք է, որն առաջանում է գիսավորների արագ քայքայումից։ Փոքր ինչ ավելի մանրամասն քննարկենք և նախ փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում գիսավորը։

Պատկերացնենք Արեգակնային համակարգի ծայրամասներում գտնվող Պլուտոնի կամ Քարոնի պես մի մարմին, որի համար անգամ մոլորակ կամ աստղակերպ լինելն է վիճահարույց, հանկարծ, մի այլ մարմնի հետ փոխազդելով, արգելակվում է և ձգված ուղեծրով սկսում է մոտենալ Արեգակին և աստիճանաբար տաքացումից սկսում է նրա սուբլիմացիան (նյութի անցումը պինդ վիճակից գազային վիճակի)։ Մարմնի շուրջ առաջանում է նոսր «մթնոլորտ», և քանի որ թույլ ձգողությունն ի զորու չէ պահել անջատված գազն ու փոշին, այդ «մթնոլորտը», հեռանալով մարմնից արեգակնային քամու և Արեգակի լույսի ճնշման տակ քշվում է Արեգակից հեռացող ուղղությամբ՝ ի վերջո կազմելով մազախուրձ հիշեցնող երկար գազափոշային պոչ՝ գես։ Այսպիսով, մոլորակի կամ աստղակերպի հավակնորդ մարմինը սկսում է իրեն դրսևորել որպես գիսավոր։

Գիսավորի պինդ, սառցաքարային մարմինը նրա միջուկն է, որն անհամեմատ փոքր է նրան շրջապատող գազային ամպից՝ կոմայից։ Կոման և միջուկը կազմում են գիսավորի գլուխը։ Երկրից դիտելիս՝ երևում են միայն կոման և գեսը։ Ակզբում սուբլիմանում են հեշտ ցնդող նյութերը՝ ջրածինը, մեթանը, ամոնիակը և այլն։ Երբ ժայթքում են գազային գեյզերները, արտանետվում է նաև մեծ քանակությամբ փոշի և գիսավորը զգալի պայծառանում է։ Երբեմն էլ սառցակեղևի տակ կուտակվող ճնշումից հզոր պայթյուն է լինում, և միջուկից հսկա «այսբերգներ» են շպրտվում տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու։ Հատկապես կարճպարբերական գիսավորները, որոնք հաճախ են մոտենում Արեգակին , դատապարտված եմ արագ քայքայման։ Արդյունքում առաջանում է երկնաքարային պարս և երբ Երկիրն անցնում է առաջացած երկնաքարային հոսքի միջով, տեղում են առատ երկնաքարային անձրևներ։ Այսպիսի անձրևի ժամանակ Երկրի վրայից գիշերային երնքում երևում են բազում մարմինների հրավառ սլաքներ՝ ասուպներ, որոնք ներխուժում են մթնոլորտ՝ ասես գալով մի հեռավոր կետից՝ ռադիանտից։

Այժմ հայտնի են մոտ 30 երկնաքարային հոսքեր, որոնք կրկնվում են ամեն տարի և, նույնիսկ, անուններ են ստացել ըստ այն համաստեղությունների, որոնցում գտնվում են դրանց ռադիանտները՝ Լեոնիդներ, Օրիոնիդներ, Պերսեիդներ և այլն։ Պարսի ամենախիտ մասը պտտվում է պարսի ուղեծրով ու Երկրի հետ հանդիպելիս դիտվում է որպես առատ երկնաքարային անձրև՝ աստղաթափ։ Այսպիսով, օգոստոսի 12-ին և 13-ին կարող եք վայելել Պերսեիդների աստղաթափը։

Նյութի բովանդակությունն ամբողջությամբ վերցված է Ավետիք Գիրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքից, որը կարող եք ձեռք բերել spaceshop42.com տիեզերական կայքից։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US