Դիտարկենք տիեզերաբանական եզակիությունը, այսինքն Տիեզերքի պահը Մեծ Պայթյունի պահին։ Այս ծայրահեղ վիճակում խիստ պետք է դրսևորվեր նյութի, տարածության և ժամանակի փոխադարձ կապը։ Դրանք պարզապես չեն կարող լինել առանց մեկը մյուսի։ Եթե եզակիությունից առաջ նյութ չկար, ապա չէր կարող լինել նաև տարածությունը և ժամանակը։ Իսկ եթե եզակիությունից «առաջ» չի եղել նույնիսկ ժամանակը, ապա «եզակիությունից առաջ» արտահայտությունը լրիվ անիմաստ է։

Տիեզերքը բնութագրվում է և՛ նյութով, և՛ տարածաժամանակային սահմաններով։ Փաստորեն, Տիեզերքի պատմությունը սկսվում է Մեծ Պայթյունից, իսկ դրանից «առաջ» չի եղել ո՛չ նյութ, ո՛չ էլ տարածաժամանակ։


Այսպիսով, խնդիրը հանգում է բուն գոյության գաղափարին։ Գոյությունը ենթադրում է նյութ-տարածություն-ժամանակ երրորդության առկայություն, և միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ գոյություն ունի Տիեզերքը։ Անհնար է դուրս գալ Տիեզերքից, հայտնվել նրա տարածաժամանակային սահմաններից «դուրս»։

Իսկ ինչ է նշանակում «գոյություն ունի»։ Որևէ բանի գոյությունը իմաստավորված է հենց նրանով, ինչով այն տարբերվում է գոյություն չունենալուց։ Եթե մի բան ոչ մի կերպ չի դրսևորում իրեն և և ոչնչի հետ չի փոխազդում, ապա այն գոյություն չունի։ Փոխազդեցությունն է փաստում գոյությունը։ Այն ամենը ինչ գոյություն ունի Տիեզերքում, իրոք, գոյություն ունի այնքանով, որքանով ուղղակի, թե անուղղակի կերպով փոխազդում է մնացած ամեն ինչի հետ։ Փոխազդեցությունն է սկզբունքորեն ճանաչելի դարձնում Տիեզերքը։ Աստղագիտական դիտումների ժամանակ գրանցվում է տիեզերական մարմինների ազդեցությունը դիտող սարքի վրա։

Մեր տեխնիկական միջոցները և գիտելիքները թույլ են տալիս ուսումնասիրել Տիեզերքի մի մասը միայն։ Մնացած՝ մեզ անհայտ մասերի գոյությունը դրսևորվում է նրանով, որ դրանք ազդում են Տիեզերքի այլ մասերի և մեր վրա։ Այսինքն՝ այդ անհայտ մասերը սկզբունքորեն ճանաչելի են, քանի որ փոխազդում են, սակայն մենք դեռ չենք կարողանում գրանցել այդ փոխազդեցությունը։
Այս գաղափարով մենք մոտենում ենք միասնական, հետևաբար միակ Տիեզերքի գաղափարին։
Բնական հարց է առաջանում, գուցե կան նաև ա՞յլ տիեզերքներ, որոնք լիովին մեկուսացած են մեր Տիեզերքից, և այդ պատճառով էլ մենք ոչինչ չգիտենք դրանց մասին։ Եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ մեր Տիեզերքից «դուրս» կա այլ տիեզերք, որը չի փոխազդում մեր Տիեզերքի հետ, միանգամից կգանք հակասության. այդ մյուս տիեզերքն իրականում գոյություն չունի, քանի որ ոչ մի կերպ չի փոխազդում մեր Տիեզերքի հետ և սկզբունքորեն չի կարող դրսևորել իր գոյությունը:։ Իսկ եթե դրանց մեջ կա թեկուզ չնչին փոխազդեցություն, ապա երկուսն էլ դրսևորում են իրենց գոյությունը և դառնում ավելի մեծ, ընդհանուր Տիեզերքի բաղկացուցիչ մաս։ Այսինքն, Տիեզերքը չի կարող չլինել միակը։ Այն Տիեզերքը որտեղ մենք ապրում ենք միակն է, և ուրիշ տիեզերք չկա։

Ամբողջ նյութի բովանդակությունը վերցված է «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքից, որտեղից կարող եք այս և այլ թեմաների վերաբերյալ է՛լ ավելի բովանդակային գիտելիք ստանալ։
Գիրքը կարող եք պատվիրել մեր կայքից։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US