Տիեզերքում գրեթե ամեն ինչ պտտվում է. աստղերը, մոլորակային համակարգերը, մոլեկուլային ամպերը, գալակտիկաները և նույնիսկ, ըստ երևույթին, գալակտիկաների փնջերը: Ենթադրաբար, մոլորակային համակարգի պտույտը սկիզբ է առնում նախնական աստղային ամպից։ Հենց պտույտն է, որ խանգարում է ձգողականությանը ամպը մի կետում սեղմելուն, և այն դառնում է հարթ, պտտվող սկավառակ, որի կենտրոնում պտտվող աստղն է: Սկավառակում, դեռևս անհասկանալի պատճառներով, առաջացել է պտտական շարժում և ամենայն հավանականությամբ մոլորակներն իրենց պտույտը (սեփական առանցքի շուրջ) «ժառանգել են» սկավառակի պտույտից։


Պատահական բախումների ժամանակ մոլորակները կարող են սկսել պտտվել այն ուղղությամբ, որը կապ չունի մոլորակի սկզբնական պտտման ուղղության հետ։ Օրինակ, եթե մոլորակների Արեգակի շուրջ պտտման հարթությանը նայենք այն կողմից, որտեղից Արեգակի շուրջ պտույտները տեղի են ունենում ժամսլաքին հակառակ ուղղությամբ, ապա կնկատենք, որ Վեներան և Ուրանը սեփական առանցքի շուրջ պտտվում են ժամսլաքի ուղղությամբ՝ ի տարբերություն մյուս մոլորակների։ Մոլորակի առանցքային պտույտը կարող է մեծապես փոփոխվել նաև աստղի հետ մակընթացային փոխազդեցության պատճառով․ կախված մոլորակի չափերից ու հեռավորությունից մոլորակի պտույտը իր առանցքի շուրջ կարող է ամբողջությամբ «դադարել»։ Այս դեպքում մոլորակի իր աստղի շուրջ պտույտը համընկնում է իր առանցքի շուրջ պտույտի հետ։ Օրինակ, Մերկուրիի դեպքում նրա սեփական առանցքի շուրջ պտույտը այնքան է դանդաղել, որ մի մերկուրյան օրը տևում է 58.6 երկրայն օր, իսկ մեկ տարին՝ 87.98 երկրային օր։ Իսկ Լուսինն ամբողջովին ենթարկվել է Երկրին և պտտվում է՝ նայելով Երկրին միշտ նույն երեսով։
Հետևաբար մոլորակների պտույտը որոշվում է մի քանի անկախ գործոնների համատեղ գործունեությամբ, որոնք կարող են հանգեցնել տարբեր արդյունքների:
Այսպիսով, մեզ հայտնի մոլորակները տարբեր արագություններով և ուղղություններով պտտվում են իրենց առանցքի շուրջ , իսկ չպտտվել մոլորակների դեպքում նշանակում է պտտվել իր առանցքի և աստղի շուրջ նույն ժամանակում։ Տիեզերքում ամեն ինչ շարժվում է, ամեն ինչ պտտվում է։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US