Նախ եկեք հասկանանք, թե ի՞նչ է մթնոլորտը, և ինչի՞ համար է այն անհրաժեշտ։ Մթնոլորտը մոլորակի գազային ծածկույթն է։ Այն բաղկացած է տարբեր գազերի խառնուրդից։

Մթնոլորտը հանդես է գալիս որպես՝ մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։


Արեգակնային համակարգի համարյա բոլոր մոլորակներն ունեն մթնոլորտ, քանի որ դրանց մեծ զանգվածը և ձգողականությունը բավարար են գազերը մակերևույթին մոտ պահելու համար: Արեգակնային համակարգում միակ մոլորակը Մերկուրին (Փայլածու) է, որում մթնոլորտի զգալի հետքեր չկան․ այն ​​գրեթե ամբողջությամբ «քշել» է արեգակնային քամին*: Այդ է պատճառը, որ Մերկուրիի վրա երբեք անձրև չի տեղում։ Մոլորակի մակերևույթի ցերեկային ջերմաստիճանը երբեմն հասնում է 430º ըստ Ցելսիուսի, էլ ի՞նչ անձրևի մասին է խոսքը։

2005 թվականին հայտնաբերվեց Մակեմակե փոքր մոլորակը, որում մթնոլորտը բացակայում է։ Մոլորակի վրա տիեզերական վակուում է:

2019թ․ օգոստոսին հաղորդվեց, որ Հարվարդի համալսարանի գիտնականը հայտնաբերել է Արեգակնային համակարգից դուրս մթնոլորտ չունեցող մոլորակ:Այդ մոլորակն (LHS 3844b) իր պարամետրերով նման է Երկրին, պտտվում է իր փոքրիկ աստղի շուրջը՝ առանց գազային թաղանթ ունենալու: LHS 3844b մոլորակը ընդամենը 1,3 անգամ է մեծ Երկիր մոլորակից։ «Spitzer» ինֆրակարմիր տիեզերական աստղադիտակով շուրջ 100 ժամյա դիտարկումները ցույց են տվել, որ այն ընդհանրապես մթնոլորտ չունի: Այդ մասին հայտնել են աստղագետ Լաուրա Կրեյդբերգը և իր գործընկերները։

*Արեգակնային քամին իոնային մասնիկների (հիմականում հելիումա-ջրածնական պլազմայի) հոսք է, որը Արեգակի պսակից դեպի տիեզերական տարածություն դուրս է թռչում 300-1200կմ/վ արագությամբ։ Հենց այդ քամիներն էլ քշել են Մերկուրիի մթնոլորտը։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

en_US