Խոսենք Նեպտունին դիտելու տարվա ամենալավ օրվա՝ դիմակայության մասին։ Սեպտեմերի 14-ին, տեղի ունեցավ տիեզերական գեղեցիկ իրադարձություններից մեկը՝ Նեպտունի դիմակայությունը։ Դա դիտվում է այն ժամանակ, երբ Երկիրը՝ շարժվելով Արեգակի և Նեպտունի միջև, նրանց հետ կազմում է 180 աստիճանի անկյուն (Երկիրը, Արեգակը և Նեպտունը հայտնվում են մի գծի վրա՝ մեջտեղում Երկիրը)։

Դիմակայությունը տարվա ամենահարմար ժամանակահատվածն է արտաքին մոլորակը հետազոտելու համար, քանի որ այն դիմակայության ժամանակ գտնում է Երկրին ամենամոտ դիրքում։ Այդ օրը մոլորակը ծագում է արևելքում այն ժամանակ, երբ Արեգակը մայր է մտնում, և տեսանելի է լինում ամբողջ գիշեր։ Իսկ ո՞ր մոլորակներ են ունենում դիմակայություն։

Ինչպես արդեն նշեցինք, դիմակայության օրը մոլորակն ու Արեգակը գտնվում են Երկրի հակառակ կողմերում, հետևաբար ներքին մոլորակները (Արեգակնային համակարգի այն մոլորակները, որոնք Արեգակի շուրջ պտտվում են ավելի մոտ ուղեծրերով, քան Երկիրը), ինչպիսիք են Մերկուրին և Վեներան, չեն ունենում դիմակայության օրեր։ Իսկ արտաքին մոլորակները (Արեգակնային համակարգի այն մոլորակները, որոնց Արեգակի շուրջ պտտման ուղեծիրը ավելի հեռու է, քան Երկրինը), ինչպիսիք են Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, տարին մեկ անգամ ունենում են դիմակայության օրեր։ Քանի որ Նեպտունի ուղեծիրը Արեգակի շուրջ հսկայական է և քանի որ Երկիրը համեմատաբար արագ է պտտվում Արեգակի շուրջը, Նեպտունի դիմակայության օրը ամեն տարի մի քանի օր ուշանում է: Դիմակայության օրը Նեպտունի Երկրից հեռավորությունը մոտավորապես 4,3 միլիարդ կմ է լինում։ Սակայն պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ չնայած մոլորակը այդ օրը գտնվում է Երկրին ամենամոտ դիրքում, միևնույն է այն դիտելու համար մեր աչքերին անհրաժեշտ է օպտիկական օգնություն։ Նեպտունը երբեք անզեն աչքով տեսանելի չէ։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է ունենալ հեռադիտակ կամ աստղադիտակ (որը, իհարկե, կարող եք ձեռք բերել spaceshop42.com կայքից)։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy