Հիշո՞ւմ եք «Ա՞ստղ է, թե՞ մոլորակ» վերնագրով մեր գրառումը, որտեղ պատմում էինք այն հիմնական խորամանկությունների մասին, որոնք միտված էին գիշերային խառը, բայց միևնույն ժամանակ չքնաղ, երկնքում աստղերն ու մոլորակներն իրարից տարբերակելուն։ Եթե հիշում եք, ապա հավանաբար կհիշեք նաև առաջին կանոնը՝ աստղերը թարթում են, իսկ մոլորակները՝ ոչ։ Բայց ինչո՞ւ։ Հենց այդ էլ այսօր կփորձենք պարզել։

Նախ նշենք, որ թարթելը ( փայլփլելը ) աստղերին բնորոշող հատկություն չէ։ Այսինքն, եթե հնարավորություն ունենայինք Տիեզերքից ( Երկրից դուրս ) նայելու աստղերին, ապա նրանք միարժեքորեն չէին թարթի։ Կամ, եթե մեր մոլորակը մթնոլորտ չունենար, ապա Երկրից նայելուց նույնպես աստղերը չէին թարթի։ Այստեղից հետևություն, աստղերի թարթելու պատճառը մթնոլորտն է։ Փորձենք հասկանալ, թե ինչպես է մթնոլորտը նպաստում աստղերի թարթելուն։

Աստղերից եկող լույսի ճառագայթները մեր աչքերին ընկնելուց առաջ անցնում են մթնոլորտի անհամասեռ շերտերով։ Անհամասեռ մթնոլորտի շերտերը տարբերվում են ջերմաստիճանով, խտությամբ, և հետևաբար տարբեր շերտերում լույսի բեկումը՝ ռեֆրակցիան, տարբեր է։ Այսպիսով լույսի ճառագայթները ենթարկվում են բազմակի բեկումների՝ մեկ ֆուկուսանում են, մեկ ցրվում, որի արդյունքում աստղի պայծառությունը տատանվում է՝ մեկ ուժեղանում է, մեկ թուլանում։ Ահա, թե ինչու են Երկրից նայելուց աստղերը թարթում։

Սակայն հարց է առաջանում, այդ դեպքում ինչո՞ւ մոլորակները չեն թարթում։ Չէ՞ որ մոլորակներից անդրադարձած լույսի ճառագայթները ( մոլորակները սեփական լույս չունեն, այլ անդրադարձնում են արևի լույսը) նույնպես անցնում են այդ նույն, անհամասեռ մթնոլորտի միջով։

Բանն այն է, որ աստղերի համեմատ մոլորակները մեզ ավելի մոտ են գտնվում, և երկնքնում երևում են ոչ թե լուսավոր կետի, այլ փոքրիկ շրջանի ( դիսկի ) տեսքով։ Այդ փոքրիկ շրջանի յուրաքանչյուր կետ իրենից ներկայացնում է թարթող կետ, ինչպես աստղը, սակայն այդ կետերը թարթում են ոչ միաժամանակ, այսինքն այդ կետերը գտնվում են թարթելու տարբեր փուլերում։ Ինչ-որ մի կետի պայծառության ուժեղացումը համընկնում է մեկ այլ կետի պայծառության թուլացման հետ։ Արդյուքում, այդ բազմաթիվ կետերի պայծառության տատանումները միմյանց լրացնում, համակշռում, կոմպենսացնում են, մոլորակից եկող լույսի ընդհանուր ինտենսիվությունը մնում է անփոփոխ և մեր աչքին երևում է հստակ, չտատանվող լույս։

Ավելի լավ պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել այս տեսանյութը։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy