Երկիրը մարդկության բնօրրանն է, բայց դարեր ի վեր մարդիկ միշտ մտածել են Տիեզերքի նույնիսկ ամենախորը անկյունները բնակեցնելու մասին։ Դա, իհարկե, գիտաֆանտաստիկայի ժանրից էր, բայց գիտությունը հիմա թույլ է տալիս նույնիսկ ամենաֆանտաստիկ իդեաները իրականացնել, կամ գոնե մասամբ բերել իրականության դաշտ։
Այլ մոլորակ բնակեցնելու դեպքում առաջին ընտրությունը Մարսն է։
Նախ հասկանանք, թե ինչու Մարսը, ապա կքննարկենք հնարավոր մարսյան գաղութացման ձևերը և ներկայումս արվող քայլերը։

Դիտարկենք բացառության սկզբունքով։ Այլ աստղային համակարգերի մոլորակները միանգամից բացառենք, քանի որ նրանք շատ հեռու են, նրանց հասնելը շատ դժվար է և նրանց մասին շատ քիչ բան գիտենք։

Դիտարկենք մոլորակները մեր Արեգակնային համակարգում։
Մերկուրիում, ինչպես տեսանք, մթնոլորտ չկա, Արեգակին շատ մոտ է, արդյունքում անընդհատ ենթարկվելու ենք արեգակնային ռադիացիոն ճառագայթներին, որը մեզ պարզապես քայքայելու է, բացի այդ, մթոլորտի բացակայության պատճառով լուսավոր և խավար կողմերում ջերմաստիճանի ահռելի տարբերություն կա ՝ -127 °C գիշերը և 427 °C ցերեկը։ Այստեղ նաև օրվա տևողությունը՝ երբ Արեգակը հայտնվում է երկնակամարի նույն կետում, 176 երկրային օր է, սա դանդաղ առանցքային պտույտի հետևանքն է։ Արդյունքում այստեղ ինչ կայան էլ կառուցենք, շատ անբարենպաստ պայմաններում կգտնվի։

Վեներան զանգվածով մոտ է Երկրին, նրան հաճախ անվանում են Երկրի «քույր մոլորակ», սակայն նրա մթնոլորտային ամպերը կազմված են ծծմբական թթվի 80 % -անոց խիտ ջրային լուծույթից։ Այն կարող է քայքայել մարդու զգեստը, մաշկը, առաջացնել լուրջ այրվածքներ և անգամ ծակել, անցնել շատ մետաղներ։ Վեներայի մթնոլորտի մեծ մասը ածխաթթու գազ է, որը հանգեցնում է հզոր ջերմոցային էֆեկտի, որի պատճառով վերջինիս մթնոլորտի ջերմաստիճանը 464 °C է։ Այսպիսով, սա նույնպես ոչ բարենպաստ մոլորակ է մեր ապագա կայանը կառուցելու համար։
Գազային հսկաները՝ Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, կազմված են գազից և նրանց «մակերևույթին» չենք էլ կարող մեր կայանը հիմնել, հաշվի չառնելով նույնիսկ նրանց ոչ հյուրընկալ բնավորությունները՝ բարձր ճնչում, ոչ բարենպաստ մթնոլորտ, ճզմող գրավիտացիա։

Իսկ հիմա Մարսը․ Երկրին մոտ է՝ 54.6 միլիոն կիլոմետր, հասնելու համար կարելի է ասել բավականին մոտ է, օրվա տևողությունը երկրայինից քիչ է տարբերվում՝ այնտեղ 40 րոպե ավել ժամանակ կունենանք մեր սիրած գործերով զբաղվելու համար, պտտման առանցքը թեքված է բավականաչափ, որպեսզի տարվա եղանակների հերթափոխ լինի։ Ունի նոսր մթնոլորտ՝ մեծամասամբ կազմված ածխաթթու գազից, ջրի հետքեր մակերևույթի տակ։ Մարսի փոքր զանգվածի պատճառով գրավիտացիան թույլ է, այնպես որ, հաճելի թեթևություն կզգանք այստեղ։ Իհարկե, այն ունի բազում թերություններ նույնպես, բայց դրանք առանձին խոսելու թեմա են։
Քննարկենք մարսյան գաղութացումը, և այն, թե ինպես կարելի է այն վերծել բնակելի մոլորակի:
Ենթադրենք արդեն ունեցել ենք հաջողված օդաչուավոր թռիչքներ, որոնց արդյունքում ստեղծվել են մշտական հենակայաններ։ Վերջիններս կարող են վերաճել գիտական ավանների, որոնք կսնուցվեն արեգակնային կայաններից, միջուկային ռեակտորներից ու հողմապտուտակներից (Մարսի վրա շատ հզոր փոթորիկներ են լինում)։

Քանի որ այստեղ բնակության հիմնական խնդիրներից մեկը նոսր մթնոլորտն է, անհրաժեշտ կլինի այն բարելավել։ Մարսյան հենակայանները կարող են հողից ստանալ և մթնոլորտ բաց թողնել ինֆրակարմիր ճառագայթները կլանող գազեր, որոնք շատանալով կառաջացնեն ջերմոցային էֆեկտ։ Մարսի միջին ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա, բևեռագդակներում ածխաթթու գազից կազված սառույցները կհալչեն, որը մթնոլորտը էլ ավելի շատ կհարստացնի ջերմոցային էֆեկտը ապահովող CO2 -ով ու ջրային գոլորշիներով։ SpaceX ընկերության հիմնադիր և բոլորիս կողմից սիրված Իլոն Մասկը առաջարկում էր բևեռագդակները հալեցնել այնտեղ միջուկային ռումբ պայթեցնելով, իրական սուպերչարագործի մտքեր։ ????
Երբ մթնոլորտը բավականաչափ տաքանա և նվազեցնի տիեզերական ռադիացիոն ճառագայթների հոսքը, Երկրից կբերվեն կապտականաչ ջրիմուռներ, որոնց ապրելու համար թթվածին պետք չէ։ Վերջիններս կարող են ապրել նույնիսկ ամենադաժան ցրտի պայմաններում։ Նրանք կկլանեն ածխաթթու գազ, կարտանետեն թթվածին, որի շնորհիվ մթնոլորտի վերին շերտերում կգոյանա օզոնի պաշտպանիչ շերտ։ Թթվածնի քանակի մեծացմանը զուգընթաց այստեղ կբերվեն այլ բույսեր, նրանց արմատներն անընդհատ կսնուցվեն և նրանք կծածկեն մարսյան լանդշավտի մեծ մասը։ Դարեր անց Մարսը կձևափոխվի և կդառնա երկրանման մի տեղ, ուր մարդիկ կարող են ապրել առանց հատուկ կայանների կամ սկաֆանդրերի։

Ներկայումս շատ ընկերություններ են այս մասին խոսում և ցանկանում հասնել այնտեղ։ NASA, ESA, Roscosmos, SpaceX, Boeing և որոշ այլ կազմակերպություններ գործուն քայլեր են կատարում՝ մատնանշելով վերջնական ուղղությունը դեպի Մարս։
Իհարկե, այս ամենը շատ հեշտ է հնչում, սակայն պետք է ընդունենք, որ իրականում այն դժվար է: Մեր գրառման մեջ չենք նշել բազում մանրամասներ մարսյան թերությունների և ընթացքում առաջացող խնդիրների հետ կապված։

Ապագա հպարակումներում կանդրադառնանց այն հարցին, թե ինչու պետք չէ գնալ Մարս։

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy