Բարի գալուստ սիրողական աստղագիտության հրաշալի աշխարհ:

Մենք սկսում ենք հոդվածների շարք, որով ձեզ բավականին պարզ ձևով կփորձենք բացատրել, թե ի՞նչ կա այնտեղ՝ երկնքում, ինչպե՞ս են շարժվում երկնային մարմինները, ինչպե՞ս կարող ենք դիտել դրանք, ի՞նչ պայմաններ են պետք ավելի լավ դիտումների համար, ի՞նչ գործիքներ օգտագործել և այն: Միասին կփորձենք գործնական քայլերով բացահայտել մեզ շրջապատող տիեզերքը, մոտեցնելով այն մեզ՝ մեր գիտելիքների շնորհիվ, որոնք այս շարքի ընթացքում կստանանք:

Շարքը կսկսենք անզեն աչքով գիշերային երկնքի ուսումնասիրությամբ, կհասկանանք երկնային մարմինների օրական, ամսական, տարեկան շարժումները, կծանոթանանք համաստեղություններին:

Ծիր Կաթին

Սիրողական աստղագիտությունը սկսում է անզեն աչքով երկնքի դիտումից:

Եկեք ընտրենք անամպ օր ու երեկոյան դուրս գանք երկինքն ուսումնասիրելու: Եթե հեռու եք քաղաքի լուսավորությունից, երկնքում կտեսնեք, թե ինչպես են հազարավոր աստղեր ադամանդների պես փայլփլում տարբեր պայծառությամբ:

Երկնքում կտեսնենք այնպիսի հատված, որտեղ աստղերը ավելի խիտ են քան դրանից աջ կամ ձախ մասերում: Այդ լուսավոր գոտին, որը ձգվում է ամբողջ երկնքով մեկ, Ծիր Կաթինն է՝ մեր Գալակտիկան: Գալակտիկան նման է տափակ ափսեի, որի եզրին մոտ գտնվում է մեր հարազատ աստղը՝ Արեգակը: Այն լուսավոր գոտին, որ մենք տեսնում ենք, դա այդ բազմաթիվ աստղերի պրոյեկցիան է մեր տեսադաշտում:

Ծիր Կաթինը Քարահունջից
Ծիր կաթինը՝ լուսանկարված Քարահունջից, հեղինակ՝ Էդգար Բարսեղյան։

Երկնքի պտույտը

Ծիր Կաթինով հիանալուց հետո եկեք մեր ուշադրությունը տեղափոխենք դեպի աստղեր: Նույնիսկ կես ժամ դրսում աստղերին հետևելիս կարող ենք տեսնել նկատելի փոփոխություն, թե ինչպես են որոշ աստղեր ծագում արևի նման, որոշներն էլ՝ մայր մտնում: Բայց եթե բավարար համբերատար լինենք, ու սպասենք մի քանի ժամ, կգտնեք այնպիսիք, որ երբեք մայր չեն մտնում և միշտ մեր տեսադաշտում են մնում:

Երկրի օրապտույտը
Երկրի օրապտույտը, հեղինակ՝ Սուրեն Մանվելյան։

Ինչպես տեսնում ենք բոլոր աստղերը պտտվում են մի կետի շուրջ, որի մոտ մենք նկատում ենք մի ոչ շատ պայծառ, բայց տեսանելի աստղ: Այդ աստղին անվանում են Հյուսիսային կամ Բևեռային աստղ, քանի որ այն ցույց է տալիս երկրի հյուսիսային բևեռի ուղղությունը: Դեպի այդ աստղն է ուղղված մեր երկրի հյուսիսային բևեռը, և պատճառը աստղերի պտույտի հենց Երկիր մոլորակի պտույտն է՝ իր առանցքի շուրջ: Հենց նույն պտույտն է պատճառը, որ Արեգակը ամեն օր ծագում և մայր է մտնում, ու արևի պես էլ մյուս երկնային օբյեկտներն են շարժվում Երկրի օրական պտույտի շնորհիվ:

Երկրի պտտման առանցքի ուղղությունը դեպի բևեռային աստղ
Երկրի պտտման առանցքի ուղղությունը դեպի բևեռային աստղ

Համաստեղություններ

Հիմա մեր ուշադրությունը նորից սևեռենք աստղերին:

Կարող եք նկատել, որ որոշ պայծառ աստղային խմբեր առանձնանում են․ դրանք համաստեղություններն են: Տարբեր ազգեր համաստեղությունները նմանացրել են դիցաբանական կերպարների կամ կենդանիների:

Օրիոնի համաստեղությունը
Օրիոնի համաստեղությունը

Այն համաստեղությունը, որում գտնվում է Բևեռային աստղը, Փոքր Արջն է, կամ Փոքր Շերեփը, որի պոչում գտնվում է Բևեռային աստղը:

Փոքր Արջ համաստեղությունը և Բևեռային (Polaris) աստղը
Փոքր Արջ համաստեղությունը և Բևեռային (Polaris) աստղը

Քանի որ այս համաստեղությունը գտնելը բավականին հեշտ է, անկախ գիշերվա որ ժամին ենք դիտում կամ տարվա որ եղանակին, այս համաստեղությունը միշտ տեսանելի է: Փորձեք գիշերային երկնքում առաջինը փնտրել հենց այս համաստեղությունը:

Այլ համաստեղություններ* կարելի է գտնել՝ օգտվելով Փոքր Արջի դիրքից: Եթե Փոքր Արջից ժամսլաքի պտտման ուղղությամբ պտտենք մեր տեսադաշտը, կհանդիպենք Ցեֆեուսին,(տնակի տեսքով), ապա Կասիոպեային ( անգլերեն W/M տառերի տեսքով), իսկ ժամսլաքի հակառակ ուղղությամբ պտտվելիս կտեսնենք Մեծ Արջին:

Ցեֆեուսի, Կասիոպեայի և Մեծ Արջի դիրքերը՝ Փոքր Արջի նկատմամբ։
Ցեֆեուսի, Կասիոպեայի և Մեծ Արջի դիրքերը՝ Փոքր Արջի նկատմամբ։

Երկրի տարեկան պտույտը, Ստելլարիում հավելված

Երկիրը բացի իր առանցքի շուրջը պտույտից, նաև պտտվում է Արեգակի շուրջ, որի պատճառով որոշ համաստեղություններ գիշերը չեն երևում:

Եթե մենք ամեն օր նույն ժամին նայենք երկինքին, ապա կտեսնենք, որ համաստեղությունները մի փոքր ավելի շուտ են ծագում, քան նախորդ օրը:

Ավելի պատկերավոր դարձնելու համար եկեք տեսնենք, թե ինչ կլինի, եթե նկարենք արևին օրվա նույն ժամին՝ մի տարի շարունակ: Այն կգծի այսպիսի ութաձև պատկեր, քանի որ Երկրի առանցքը թեքված է և Երկիրը տարվա ընթացքում մոտենում և հեռվանում է Արեգակից։ Այս երկու բաղադրիչների ազդեցությամբ արևի դիրքը փոփոխվում է նույն ժամին նայելիս, քանի որ Արեգակին տարբեր դիրքերից ենք նայում։

Արևը ամեն օր՝ նկարված նույն ժամին
Արևը ամեն օր՝ նկարված նույն ժամին

Քանի որ մենք այդքան համբերություն չունենք, ինչքան մեր նախնիները,🙂 եկեք օգտագործենք մի հավելված (հասանելի է նաև iOS համակարգի համար), որը թույլ է տալիս տեսնել աստղերի շարժումը, իմանալ անուններն ու համաստեղությունները, կարճ ասած՝ ծանոթանալ երկնքին: Ծրագիրը կարող եք ներբեռնել և՛ հեռախոսների, և՛ համակարգչի վրա, ինչպես նաև օգտագործել web տարբերակը:

Հեռախոսից օգտվելու դեպքում ծրագրում սեղմելով «հեռախոս» նշանի վրա, և պահելով ձեր խելացի հեռախոսը երկնքի ուղղությամբ, կարող եք հեշտությամ գտնել, թե որ համաստեղություններն են հիմա երևում, և ինչ դիրքում են:

Ստելլարիում հավելվածը՝ գիշերային ռեժիմում
Ստելլարիում հավելվածը՝ գիշերային ռեժիմում

Համաստեղությունների դիրքերից ելնելով փորձելու ենք գիշերային երկնքում գտնել մեզ հետաքրքրող օբյեկտները, ինչպիսիք են գալակտիկաները, միգամածությունները, գիսավորները և այլն:

Եվ վերջում հիշե՛ք, որ երկինքը միշտ փոխվում է, այնպես որ, դո՛ւրս եկեք, նայե՛ք վերև, և ուսումնասիրե՛ք այն:

Այս շարքի ստեղծմանը աջակցել է «Նոյեմբերյան համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին» կազմակերպությունը՝ «Աստղերը մեզ հետ են» ծրագրի շրջանակներում:

Այս նյութերը օգտագործվելու են որպես համայնքում տիեզերագիտական խմբակի գործնական նյութեր:

  1. Իրականում այժմ համաստեղությունները դիտարկվում են որպես երկնքի որոշակի տարածք ոչ թե կոնկրետ աստղերի խումբ ↩︎

Կարդացեք մեր այլ հոդվածներում

hy