Նախորդ հոդվածում ուսումնասիրեցինք մոլորակները և Լուսինը, պարզեցինք, թե ինչ դետալներ կարող ենք տեսնել սիրողական աստղադիտակով և ինչին պետք է ուշադրություն դարձնենք դիտման ժամանակ: Իմացանք կարևոր իրադարձությունների մասին, և սովորեցինք լինել մի փոքր ավելի ուշադիր մեր արեգակնային համակարգի գեղեցկուհիների նկատմամբ: Իսկ այժմ կանդրադառնանք այն սարքերին, որոնց օգնությամբ մենք շարունակելու ենք մեր բացահայտումները․ չէ՞ որ ինչքան հմուտ լինենք գործիքից օտվելուց, այնքան ավելին կարող ենք տեսնել:

Ճանաչենք մեր աստղադիտակը

Աստղադիտակներին ավելի լավ ճանաչելու համար նախ եկեք վերցնենք մեկ օրինակ և փորձենք հենց այդ օրինակի վրա էլ հասկանալ, թե այն ինչպես է աշխատում, հասկանալ թե՛ առավելությունները, և թե՛ թերությունները:

Մենք մեր նախորդ գրառումներում անդրադարձել ենք ռեֆլեկտոր և ռեֆրակտոր տեսակի աստղադիտակների, ինչպես նաև տեղակայման համակարգերի տարբերությունների մասին: Ներկայացրել ենք նաև աստղադիտակների պարամետրերի նշանակությունը: Այս ինֆորմացիան օգտագործելով դուք կարող եք որոշել, թե ինչ տիպի աստղադիտակ եք ցանկանում ունենալ:

Բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ իմանալով ձեր հետաքրքրությունները, ձեզ նվիրել են Celestron Astromaster 70AZ աստղադիտակը:

Եկեք տեսնենք, թե ինչ կա տուփում:

Բացելով աստղադիտակը կգտնենք առաջինը աստղադիտակը հավաքելու ձեռնարկը, որը ինչպես ցանկացած տեխնիկայի դեպքում, անհրաժեշտ է հպարտ դեմքով, իբր մենք ամեն ինչ գիտենք, դեն նետել մանրամասն կարդալ, և հետևելով հրահանգներին՝ հավաքել աստղադիտակը:

Celestron Astromaster 70AZ աստղադիտակի կառուցվածքը
Celestron Astromaster 70AZ աստղադիտակի կառուցվածքը

Ծանոթանանք, թե աստղադիտակն ինչից է կազմված.

  • (10) օբյեկտիվի կամ գլխավոր հավաքող ոսպնյակի միջոցով աստղադիտակը հավաքում է երկնային օբյեկտներից եկած լույսը` անցկացնելով (1) դիտախողովակի միջով, և կիզակետում 900մմ (մեր աստղադիտակի օբյեկտիվի ֆոկուսային հեռավորությունը) հեռավորության վրա գտնվող (3) օկուլյարի վրա: Օկուլյարը կարելի է ասել խոշորացույց է, որը մեծացնում է օբյեկտիվի պատկերը աչքի վրա:

Հուսով ենք չեք փորձի Արևի պատկերը խոշորացնել ձեր աչքերի վրա, քանի որ տեղում կկորցնեք աստղադիտակով Արևին նայող աչքը: Այստեղ ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այդ շատ կարևոր անվտանգության կանոնի վրա․ աստղադիտակով Արևին ԵՐԲԵՔ չի կարելի նայել առանց հատուկ ֆիլտրերի օգնության:

Արևին նայելու կանոնները
Երբեք չնայեք Արևին առանց հատուկ ֆիլտրերի

Շարունակենք լույսի ճանապարհը:

  • Լույսը մինչև օկուլյար հասնելը ճանապարհին բեկվում է նաև (4) անկյունային անդրադարձիչի միջով, որը օգնում է պատկերը տեսնեl ավելի հարմար անկյունից, ինչպես նաև ուղղում է այն (հակառակ դեպքում կտեսնեիք գլխիվայր) ցերեկային դիտումների ժամանակ:
Անկյունային անդրադարձիչ
Անկյունային անդրադարձիչի դիրքը և դրանով ուղիղ ստացված պատկերները
  • Այժմ անցնենք աստղադիտակի (7) տեղակայման համակարգին, որը իրենից ներկայացնում է ազիմուտային համակարգ: Այն ունի (9) ոտքերը երկարացնող սեղմիչներ, որոնց պտուտակները թուլացնելով կարելի է երկարացնել, իսկ հետո ձգելով ֆիքսել անդ դիրքը: Այդ պտուտակները շատ հաճախ չափից դուրս ձգելու դեպքում կոտրում են սեղմիչները։ Որպեսզի ձեր դիտակի ոտքերը ձեզ երկար ծառայեն, ձգեք պտուտակներն այնքան, մինչև որ ոտքերը այլևս չկարճանան սեղմելուց: Տեղակայման համակարգի ներքևի մասում դրվում է (8) սկուտեղը, որը բացի նրանից, որ ավելի կայուն է դարձնում եռոտանին, նաև օգտագործվում է օկուլյարների և այլ իրերի համար՝ որպես սեղանիկ:
Կոտրված աստղադիտակի ոտքը չափից շատ ձգելու հետևանքով

Կոտրված աստղադիտակի ոտքը չափից շատ ձգելու հետևանքով
  • Ինչպես ցանկացած տեղակայման համակարգ, այս մոդելը նույնպես ունի ֆիքսող պտուտակներ՝ երկու առանցքները կառավարելու համար՝ վերև-ներքև և աջ-ձախ: Վերև-ներքև շարժումը ապահովում է (6) բռնակը, այն սկզբում թուլացնում ենք վերև-ներքև տեղաշարժը անարգելու համար, ապա պտտելով ժամսլաքի ուղղությամբ՝ ֆիքսում ենք դիրքը: Աջ-ձախ պտույտը ֆիքսելու համար օգտվում ենք (11) պտուտակից: Այստեղ նույնպես անհրաժեշտ չէ պտուտակները շաաաատ ուժեղ ձգել, պարզապես այնքան, որ այլևս դիտակը չշարժվի : Ազիմուտալ այսպիսի համակարգերը չունեն նուրբ կառավարում, որը հանդիսանում է այս մոդելի հիմնական թերություններից մեկը, դա բարդացնում է օբյեկտը գտնելուց հետո աստղադիտակը ֆիքսել դրա վրա, կամ ֆիքսելուց հետո էլ հետևել օբյեկտի շարժմանը (որը բավականին լավ զգացվում է մեծ խոշորացումների ժամանակ)։
Աստղադիտակի կառավարման պտուտակները
Աստղադիտակի կառավարման պտուտակները՝ սովորական(ձախ) և նուրբ կառավարման հնարավորությամբ(աջ)
  • Դիտակը ունի նաև (2) նշանառության սարքը, դրանք լինում են կամ խոշորացնող, կամ լազերային: Մեր դեպքում ունենք լազերային կետային նշանառության սարք, որի նպատակն է ուղղել դիտակը այն օբյեկտի վրա, որը ցանկանում ենք տեսնել մեծ խոշորացմամբ: Այսպիսի նշանառության սարքը շատ հարմար է օգտագործել, երբ փնտրում ենք մոլորակներ, սակայն երբ մեր փնտրած օբյեկտն անզեն աչքով չի երևում, շատ ավելի հարմար է ունենալ փոքր խոշորացմամբ նշանառության սարք, որը կօգտնի գտնել թույլ օբյեկտների դիրքը, ինչպիսիք են գալակտիկաները, միգածամությունները, գիսավորները:
Նշանառության լազեր
Նշանառության լազերը և միացված ժամանակ երևացող կարմիր կետը

  • Երբ մեզ հաջողվի որսալ ինչ-որ օբյեկտ, մեզ պետք կգա (5) ֆոկուսացնող պտուտակը, որը պետք է կարգավորենք այնպես, որ մեզ համար ամենահստակ պատկերը ստանանք: Ավելի ճիշտ մոտեցում է սկզբում գտնել մի պայծառ աստղ, և փորձել ֆոկուսը փոփոխել՝ մինչև աստղը երևա հնարավորինս փոքր կետ: Այստեղ ձեզ ասենք ևս մի կարևոր բան աստղադիտակների մասին, որ ինչքան էլ հզոր լինի աստղադիտակը, ոչ մի աստղ չի երևալու ավելին, քան կետը, բացի Արեգակից, որին ինչպես հասկացանք չի կարելի նայել հատուկ ֆիլտրերի օգնության: ))
պատկերը ֆոկուսի մեջ և ֆոկուսից դուրս
Ճիշտ ֆոկուսի դեպքում աստղի պատկերը մեջտեղի պատկերում
  • Մեր աստղադիտակի հետ ունենք երկու տիպի օկուլյար՝ 10մմ և 20մմ ֆոկուսային հեռավորությամբ: Աստղադիտակի խոշորացումը հաշվելու համար դիտակի ֆոկուսային հեռավորությունը անհրաժեշտ է բաժանել օկուլյարի ֆոկուսային հեռավորության վրա: Այսպիսով, մեր դիտակի դեպքում կունենանք 900/20 = 45 և 900/10 = 90 անգամ խոշորացում: Մոլորակները կարելի է դիտել մեծ խոշորացմամբ, սակայն պետք է հիշել, որ ինչքան խոշորացումը մեծ է, այնքան աստղադիտակը ավելի քիչ է ներում ձեր սխալները, թեթև ցնցումներ, քամի և օբյեկտը շուտ է դուրս գալու տեսադաշտից և այլն:
Սատուրնը տարբեր խոշորացումների դեպքում
Սատուրնը 10մմ(90 անգամ ) և 20մմ(90 անգամ) խոշորացման դեպքում

Խորը տիեզերական օբյեկտներ (գալակտիկաներ միգամածություններ) փնտրելիս միշտ օգտվեք հնարավորինս ավելի փոքր խոշորացումից:

Աստղադիտակի խնամքը

Թեև աստղադիտակը շատ պահանջկոտ չէ խնամքի տեսանկյունից, այնուամենայնիվ կան մի քանի պարզ կանոններ, որոնք պահելով չենք վնասի այն:

Նախ անհրաժեշտ է հիշել որ աստղադիտակի ոչ մի օպտիկական մասին ձեռքով դիչել չի կարելի, քանի որ սովորաբար դրանք պատված են հատուկ շերտով, և ձեռքի յուղային մասը կարող է վնասել այդ շերտերը երկար ժամանակ օպտիկայի վրա մնալու դեպքում:

Մի դիպչեք ուրիշի աստղադիտակին
Երբեմն ուրիշի աստղադիտակի օպտիկային մատով դիպչելը կարող է առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ))

Սակայն, եթե նույնիսկ չդիպչենք էլ, ժամանակի ընթացքում ոսպնյակների վրա կարող է կուտակվել փոշի: Եթե չգիտեք, թե ինչպես պրոֆեսիոնալ ձևով հեռացնել փոշին կամ հետքերը, լավագույն ձևն ուղղակի ձեռք չտալն է, իսկ ամենալավ ձևը՝ կանխարգելելն է, որ փոշի չկուտակվի:

Դա անելու համար ամեն անգամ օգտագործելուց հետո խնամքով պետք է փակել բոլոր օպտիկական մասերը՝ իրենց համար նախատեսված կափարիչների միջոցով: Դա վերաբերում է թե՛ օկուլյարներին երկու կողմից փակելուն, թե՛ աստղադիտակի օբյեկտիվի և դիտախողովակի բաց մասը փակելուն:

Երբեք չփորձեք փչելով, սրբելով կամ առավել ևս մաքրող հեղուկներով սրբել օպտիկական համակարգերը:

Ինչ վերաբերում է աստղադիտակի մեխանիկական մասերին, նորից և նորից կրկնենք, որ պտտուտակները չենք ձգում չափից դուրս շատ, որպեսզի չվնասենք դիտակին:

Որոշ աստղադիտակներ (հիմանկանում հասարակածային համակարգով կամ ավտոմատ հետևող համակարգերով աստղադիտակները) ժամանակ առ ժամանակ կարիք են ունենում անցնելու յուղման պրոցես՝ մեխանիկայի ավելի սահուն աշխատանքի համար, սակայն դրա կարիքը չկա մեր քննարկած աստղադիտակի համար:

Ճանաչեք ձեր աստղադիտակին, սիրեք և խնամեք նրան՝ ինչպես նորածին երեխայի հետ են վարվում, և այն ձեզ ցույց կտա երկնային բազմաթիվ հրաշքներ:

Այս հոդվածի ընթացքում քննարկեցինք աստղադիտակի հիմնական կառուցվածքը, դրա օգտագործման նրբությունները, իմացանք, թե ինչպես է հարկավոր խնամել աստղադիտակը, որպեսզի այն հնարավորինս երկար ժամանակ ծառայի և մոտեցնի ձեզ տիեզերքը։

Այս շարքի ստեղծմանը աջակցել է «Նոյեմբերյան համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին» կազմակերպությունը՝ «Աստղերը մեզ հետ են» ծրագրի շրջանակներում:

Այս նյութերը օգտագործվելու են որպես համայնքում տիեզերագիտական խմբակի գործնական նյութեր:

Կարդացեք մեր այլ հոդվածներում